Երեւանը պատրաստ է քաղաքացիություն շնորհել, այդ թվում երկքաղաքացիության կարգով, այն մարզիկներին, որոնք կպաշտպանեն հայկական դրոշի պատիվը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 24-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:

«Մենք փորձում ենք մեր խնդիրների լուծմանը ներգրավել ոչ միայն գիտնականներին, գործարարներին, այլեւ մարզիկների: Ցայտուն օրինակ է Հայաստանի ֆուտբոլային հավաքականը, որը 1,5-2 տարում լուրջ ցատկ կատարեց, եւ դա նրա շնորհիվ, որ մեր հավաքականում խաղում են մարդիկ, որոնք մեծացել են այլ երկրում եւ այսօր որոշել են պաշտպանել հայկական դրոշի, հայկական ֆուտբոլի պատիվը: Եթե կան կոնկրետ մարզիկներ, մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել:

Իսկ ընդհանրապես մեր երկրում տարեցտարի ավելի շատ միջոցներ են հատկացվում սպորտի զարգացմանը, ուզում եմ ասել, որ մենք նախանձով ենք նայում Ռուսաստանի ձեռքբերումներին, ռուս մարզիկների հնարավորություններին: Բայց պետք է հասկանալ, որ միշտ եւ ամեն դեպքում մենք պետք է սահմանափակ ռեսուրսներով ցույց տանք լավագույն արդյունքներ»,- ասել է նախագահը:

Դրական օրինակը Հայաստանի շախմատի հավաքականն է, որը վերջին 5 տարում երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ այս տարի հաղթել է աշխարհի առաջնությունը: «Թե ինչպես դա եղավ, շատերը չեն կարողանում պատասխանել»,- հավելել է նախագահը: