Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) կայցելեն հայկական եկեղեցի:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, անանուն մնալ ցանկացող աղբյուրը հաղորդել է, որ այցի վերջում համանախագահները կայցելեն Բաքվի հայկական եկեղեցի:

Հարց է ծագում, թե ո՞ր հայկական եկեղեցի են այցելելու համանախագահները, եթե Բաքվում այդպիսիք չկան:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, խորհրդային տարիներին Բաքվում 5 հայկական եկեղեցի է եղել, մինչեւ 1988 թվականը դրանցից երեքը քանդվել են: 90-ականներին հիմնահատակ ավիվրել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «բախտն ավելի է բերել»: 1860-ականներին կառուցված եկեղեցին երկար ժամանակ աղբանոց է եղել, այնուհետ բիլիարդանոց, եւ միայն երկու տարի առաջ` Գարեգին Բ կաթողիկոսի Բաքու կատարած այցի կապակցությամբ վերափոխվել է գրադարանի:

Հետաքրքիր է` համանախագահները այցելելու են որպես հայկական եկեղեցի՞, թե որպես հանրային գրադարան: