Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը Թուրքիայում երկրաշարժի արդյունքում վրացական վնասված տաճարների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունի, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Ինչպես գիտենք, երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի այլ մասում, ոչ թե այնտեղ որտեղ վրացական մշակութային ժառանգությունն է: Տաճարների եւ հուշարձանների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունենք: Չնայած, եթե նման փաստ արձանագրվի, ապա մենք անպայման այդ մասին տեղեկատվությունը կտարածենք»,- գործակալությանը հայտնել են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունից:

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 23-ին, Թուրքիայում գրանցվել է 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Այս պահին, երկրաշարժի զոհերի թիվը հասել է 239-ի, թեեւ նրանց թիվն ամեն ժամ ավելանում է: Վիրավորվել է 1090 մարդ, որոնց տեղափոխում են Թուրքիայի տարբեր հիվանդանոցներ, իսկ փլատակների տակ մինչ հիմա դեռ 600 մարդ է մնացել:

Նշենք, որ երկրաշարժից չի վնասվել Վանի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: