Թուրքիայում, հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին, Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները շարունակվում են. հոկտեմբերի 24-ի ժամը 18.20-ի դրությամբ երկրաշարժի էպիկենտրոնում ընդհանուր առմամբ գրանցվել է 3-ից 6 մագնիտուդ ուժգնությամբ 271 հետցնցում: Այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 260-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:
117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Արճեշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվածք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:
Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:
Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:




























