Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար երկամսյա (նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար) սոցիալական աջակցության համար դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից, ամսական վճարումը՝ 50 000 դրամ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ճեպազրույցի ժամանակ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը տեղեկացրեց, որ ծրագրի շահառու չեն դառնա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվողները, ՀՀ-ից բացակայողները, 2023-ի սեպտեմբերի 19-ից առաջ՝ մինչև ԼՂ-ից բռնի տեղահանումը, ՀՀ-ում հաշվառվածները, հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցողները:

«2 միլիոն դրամական շեմի սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա, չի տարածվում ընտանիքի անդամների և երեխաների վրա: 2 միլիոն դրամական շեմի սահմանափակումը չի տարածվում նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձանց վրա»,- ասաց Ժամակոչյանը: 

Դիմումները կընդունվեն մյուս շաբաթվանից, այն պետք է լրացնի չափահաս անձ, որը դիմումին զուգահեռ կտա նաև իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու համաձայնություն: