Անցած շաբաթ ֆրանսիական Անգուլեմ քաղաքի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել հայ շինարարի նկատմամբ: Հարություն Սիմոնյանը մեղադրվում է թմրաթրաֆիքի մեջ:

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, 2009թ. Նիդեռլանդներից ժամանող ավտոբուսի ստուգման ժամանակ ոստիկանները 4 կգ կոկաին են հայտնաբերել: պարզվել է, որ փաթեթը պատկանում է ուղեւոր Սիմոնյանին:

Նախնական լսումների ժամանակ նա հայտարարել էր, թե փաթեթը վերցրել է անծանոթից պայմանով, որ կհասցնի Անգուլեմ: Դրա դիմաց ստացել է 500 եվրո: Սակայն ավելի ուշ փոխել էր ցուցմունքները եւ հայտնել, որ կոկաինի դիմաց վճարել է 20 հազար եվրո:

Պարզվել էր նաեւ, որ ավտոբուսն ուղեկցում էր BMW մակնիշի մեքենա, որի մեջ 15 գրամ հաշիշ եւ 3 բջջային հեռախոսներ էին գտել: Ուշագրավ է, որ ձերբակալությունից որոշ ժամանակ անց երեք երիտասարդներից երկուսը զոհվել էին ավտովթարից տարօրինակ հանգամանքներում:

Ըստ դատավճռի` Հարություն Սիմոնյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որից 2,5 տարին կանցկացնի բանտում: