Փաստն այն է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը համաձայնեցվել էր դեռևս 2023 թ.-ի հուլիսի 15-ին` Բրյուսելում. հետևաբար, այստեղ մեկ շաբաթ, կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կան մարդիկ, որ ասում են, որ Եվրոպական առաջնորդները, այդ թվում իհարկե Ֆրանսիան, սխալ են գործել, օրինակ` Թուրքիային կամ այլոց չհրավիրելով Գրանադայի հանդիպմանը:

«Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին։ Այնտեղ տեղի ունեցավ առաջին հնգակողմ հանդիպումը, և նախնական համաձայնության հասանք, որ հաջորդ հնգակողմ հանդիպումը տեղի կունենա: Շատ կարևոր հանգամանք է, որ մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր, և դրանից հետո` հուլիսի 15-ին, մենք վերահաստատեցինք դա Բրյուսելում։

Իմիջիայլոց, դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել էր։ Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է։

Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ, կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր»: