Վրաստանից Ռուսաստան կոնյակի դիստիլյատի ներմուծումը կարող է պարզեցվել՝ երկրում խմիչքի արտադրության համար հումքի պակասից խուսափելու համար։ Այս մասին ասվում է «Ռոսալկոգոլ Տաբակ Կոնտրոլի»՝ ֆինանսների նախարարությանն ուղղված պատասխանում, հաղորդում է «Известия»-ն։

Ծառայությունը ցանկանում է ապահովել ռուսաստանյան  կոնյակ արտադրողների անխափան գործունեությունը, որոնք աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով դժվարություններ ունեն ներկրվող հումքի մատակարարման հարցում։

Ներկայումս վրացական հումքը այլ երկրների արտադրանքի համեմատ ավելի խիստ հսկողության է ենթարկվում։ Այսպես, Դաշնային մաքսային ծառայությունը ձևակերպում է Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող կոնյակի դիստիլյատի յուրաքանչյուր խմբաքանակ միայն լաբորատոր փորձարկումներից հետո: Բացի այդ, դրանց առաքումը Ռուսաստանի Դաշնություն հնարավոր է միայն այն արտադրողներից, որոնք ստուգում են անցել Ռոսպոտրեբնադզորի կողմից:

«Սոյուզկոնյակը» կարծում է, որ նման խիստ վերահսկողությունը հանգեցրել է նրան, որ վրացական հումքը սկսել է մուտք գործել Ռուսաստան՝ Հայաստանի և Ղազախստանի արտադրանքի տեսքով, որոնք այսօր   Ռուսաստան կոնյակի դիստիլյատի հիմնական մատակարարներն են։ Կազմակերպությունը խնդրել է ֆինանսների նախարարությանը պարզեցնել Վրաստանից հումքի վերահսկման ընթացակարգը։

«Ռոսալկոգոլ Տաբակ Կոնտրոլն» աջակցել է «Սոյուզկոնյակի» նախաձեռնությանը։

«Կոնյակի դիստիլյատի ներկրումը  ուղղակիորեն Վրաստանի արտադրողից, տնտեսապես ավելի ձեռնտու է ստացողի համար»,- ասվում է Ֆինանսների նախարարությանն ուղղված դաշնային ծառայության նամակում։

Նրանք նաև պարզաբանել են, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում հայրենական արտադրողները ստիպված էին վերակառուցել իրենց մատակարարման շղթաները, այդ թվում՝ կենտրոնանալով իրենց ամենամոտ հարևանների վրա: Փորձագետների կարծիքով, հարցը կարող է վերաբերվել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում  վերջին շրջանի բարդություններին, որը մինչ այժմ ներկրվող դիստիլյատի հիմնական մատակարարն էր։

Միաժամանակ «Ռոսալկոգոլ Տաբակ Կոնտրոլը» նշել է, որ ներկրվող հումքը պետք է համապատասխանի գործող օրենսդրության բոլոր պահանջներին, և ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուշադիր հետևում է դրան։