Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հոկտեմբերի 24 -ին տեղի ունեցավ հայ եւ ռուս անվանի գործիչների պարգեւատրման արարողությունը, որի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրանց շնորհակալություն հայտնեց հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
Մասնավորապես` Հայաստանի նախագահն ասաց. «Ես հպարտ եմ, որ այսօր պետական այցով գտնվում եմ Ռուսաստանում, եւ հարցը արարողակարգային հատուկ նրբերանգները չեն, այլ այն, որ պետական այցն ուղիղ մատնանշում է, որ մեր հարաբերություններն արդեն անցել են բարիդրացիականի սահմանը, եւ մեր հարցերը լուծում ենք ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների դաշտում: Դա շատ կարեւոր է Հայաստանի համար: Կարծում եմ, որ շատ կարեւոր է նաեւ Ռուսաստանի համար: Ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ով անգամ իր փոքր լուման է ունեցել այդ մեծ գործում: Վստահ եմ, որ չի կարելի սահմանափակվել նրանով, որ մեր հայրերն ու պապերը ընկերներ են եղել եւ վաղը, աստված մի արասցե, կարող ենք արթնանալ եւ տեսնել, որ երիտասարդ սերունդը չի հիշում: Ուստի պետք է աշխատել բարեկամության համար, որպեսզի այդ հարաբերությունենրը հավերժ լինեն: Մենք մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որպեսզի արժանի դաշնակից լինենք: Իսկ արժանի դաշնակից լինելը մեծ գործ է»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24 –ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը պարգեւներ հանձնեց հայ եւ ռուս մտավորականության ներկայացուցիչներին:




























