«Ես 40 տարի ավիացիայում եմ ու ողջ կյանքս նվիրել եմ գլխավոր գործին` թռիչքների անվտանգությանը, եւ երջանիկ եմ ստանալ այս պարգեւը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նախագահ Տատյանա Սնոդինան` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կայացած պարգեւատրման արարողությունից հետո:
«Ես շատ տարբեր բարձր պարգեւներ ունեմ, սա 16-րդն է: Ցանկանում եմ վստահեցնել, որ ավիացիան եղել եւ մնում է տրանսպորտի ամենաանվտանգ միջոցը` չնայած նրան, որ մենք միասին ողբերգական պահեր էլ ենք ապրել: Ցանկանում եմ ասել, որ Հայաստանում ավիացիան զարգացել է երկրի ղեկավարության եւ նախագահի անմիջական եւ առանձնահատուկ ուշադրության ներքո, քանի որ ավիացիան դա միայն տնտեսություն, տրանսպորտ չէ, դա աշխարհի ցանկացած պետության համար նաեւ ռազմական եւ քաղաքական բաղադրիչ է: Բայց ինձ համար շատ հուզիչ է այս պարգեւն ստանալը, որովհետեւ իմ կյանքը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Իմ ամուսինը 15 տարի գլխավորել է ռադիոարդյունաբերություն նախարարությունը եւ երկար տարիներ եղել է Հայաստանի պատգամավորը: Նրա հիշատակը հարգվում է Հայաստանում: Եւ ինձ համար ամենալուսավորը կապված է Հայաստանի հետ»,-նշեց Անոդինան:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հետաքննել էր 2006 թ. մայիսի 3 –ին «Արմավիա» ավիաընկերության А-320 օդանավի աղետի պատճառները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պետական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24 –ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը պարգեւներ է հանձնել հայ եւ ռուս մտավորականության ներկայացուցիչներին: Տատյանա Անոդինան պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:




























