Աշխարհը դարձյալ սպասում է ճգնաժամի: Այդ մասին արդեն հայտարարել է Ջորջ Սորոսի, որի մռայլ կանխատեսումները, սովորաբար, իրականություն են դառնում: Այս թեման, բնականաբար, չեն շրջանցել նաեւ հայ պաշտոնյաները, սակայն նրանք միայն լավատեսություն են քարոզում:
Հիշեցնենք, որ երկու-երեք տարի առաջ Հայատանում վստահեցնում էին, որ համաշխարհային ճգնաժամը Հայաստանի կողքով կանցնի:
Սակայն 2009-ին Հայաստանի ՀՆԱ-ն դրա նախորդ տարվա համեմատ կրճատվեց 14,4 տոկոս, արդյունաբերական արտադրանքը կրճատվեց 7,8 տոկոս, արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվեց 17 տոկոս: Այդ անկման գլխավոր պատճառը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների անկումն էր: Իսկ գունավոր մետաղները Հայաստանի արտահանման առյուծի բաժինն են կազմում:
Նոր ճգնաժամի դեպքում երկու գլխավոր գործոնները կսպառնան Հայաստանի տնեսությանը: Գունավոր մետաղների գների հերթական անկումը եւ դրսից ստացվող մասնավոր դրամական փոխանցումների նվազումը:
2009-ին փոխանցումները կրճատվեցին 1/3-րդ-ով: Այժմ վիճակը կայունացել է: Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանը ստացել է 756 միլիոն դոլարի մասնավոր փոխանցում: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համամեմատ աճը 188 միլիոն դոլար է` 24,9 տոկոս:
Համեմատության համար, նշենք, որ հունվար-օգոստոսին Հայաստանի արտահանումը կազմել է 826,9 միլիոն դոլար (նախորդ տարվա նույն ամիսներին 629,9 միլիոն էր): Եթե հաշվի առնենք, որ փոխանցումներ լինում են նաեւ ձեռքից ձեռք, ապա վստահաբար կարելի է ասել, որ մասնավոր փոխանցումները գերազանցում են Հայաստանի արտահանման ծավալը եւ աշխատուժի արտահանումը համեմատելի է ապրանքների եւ ծառայությունների արտահանման հետ: Բացի այդ արտահանումից ստացված գումարի մի մասն էլ գնում է արտասահման` խոշորագույն արտահանող ընկերությունների օտարերկրյա բաժնետերերին:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետության բնակչության 1/10-րդն ապահովում են մասնավոր փոխանցումները:
Հունվար-օգոստոսին մասնավոր տրանսֆերտները կազմել են 279,2 միլիարդ դրամ, իսկ գյուղատնտեսության արտադրանքի ծավալը` 441,5 միլիարդ, արդյունաբերությանն ու էներգետիկայինը` 616,6 միլիարդ դրամ:
Տրանսֆերտների մեծ մասը ստացվում է Ռուսաստանից: Հունվար-օգոստոսին Ռուսաստանից ստացվել է փոխանցումների 82,6 տոկոսը: Ռուսաստանն ունի հումքի արտահանումից կախված տնտեսություն եւ ենթակա է արտաքին գործոնների ազդեցությանը: Համաշխարհային ճգնաժամը կարող է սուր արտահայտվել այդ երկրում եւ հանգեցնել Հայաստան մտնող փոխանցումների կրճատմանը:
Հայաստանի համար այդ կրճատումը կարող է հսկայական բացասական ազդեցություն ունենալ: Այս տարվա հունվար-օգոստոսին փոխանցումների ծավալը համեմատելի է 315 հազար հայաստանցիների միջին աշխատավարձի ընդհանուր ծավալի հետ:
Հայաստանում ընդամենը 22 առեւտրային կազմակերպություն ունի հազարից ավելի աշխատակից, եւս 61 կազմակերպություն ունի 500-ից ավելի աշխատակից:
Մասնավոր փոխանցումների հետ համեմատելի աշխատավարձի ֆոնդ ապահովելու համար անհրաժեշտ կլինի «Հայաստանի էլցանցերի» եւ «ՀայՌուսգազարդի» հետ համեմատելի մոտ 150 ընկերություն, իսկ մենք ունենք ընդամենը 22-ը:
Այնպես որ, նոր համաշխարհային ճգնաժամի հետեւանքները Հայաստանի համար կլինեն նույնքան աղետալի, որքան 2009-ին: Նախորդ ճգնաժամի հետեւանքները զգացվում են մինչեւ այսօր: Դրանց գումարվել է զգալի գնաճը, մեծացել է աղքատությունը եւ արտագաղթը:




























