Մուամար Քադաֆիին հողին են հանձնել այսօր` հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան, անհայտ վայրում, տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով Անցումային ազգային խորհրդի աղբյուրը:

Ավելի վաղ «Ալ Ջազիրան» հայտնել էր, որ գահընկեց գնդապետի մարմինը հանվել է Միսրաթա քաղաքում տեղադրված սառնարանից, որտեղ պահվում էր հոկտեմբերի 20-ից սկսած:

ԱԱԽ-ից հայտնել էին, որ Քադաֆին կհուղարկավորվի երեքշաբթի օրը` գաղտնի վայրում, երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնող անապատում, որպեսզի նրա գերեզմանը կողմնակիցների համար սրբավայրի չվերածվի:

Միսրաթա քաղաքի սուպերմարկետներից մեկում բանջարեղենի համար նախատեսված սառնարանում բոլորին ի ցույց դրված լիբիական գահընկեց առաջնորդ Մուամար Քադաֆիի մարմնին  մոտենալն արգելել էին նախօրեին: Պահակազորը փակել էր դիահերձարան տանող բոլոր դռները:

Ավելի վաղ հայտնել էին, որ Մուամար Քադաֆիի, նրա որդի Մութասիմի եւ պաշտպանության նախարար Աբու-Բակրա Յունիս Ջաբերի սեւացող դիակների մոտ նշանակված պահակները միայն ծածկել էին դիակները, որպեսզի դիաթույնը չլցվի սառնարանի մեջ:

Հուղարկավորությունը ձգձգվում էր դրա վայրի ընտրության վեճերի պատճառով: Անցումային ազգային խորհուրդը պնդեց, որ տեղը գաղտնի մնա, որպեսզի Քադաֆիի կողմնակիցների կողմից սրբավայրի չվերածվի: Քադաֆիի կողմնակիցները, ովքեր գտնվում են Սիրտ քաղաքի շրջակայքում, որտեղ էլ գնդապետն իր վերջին մարտն էր անցկացրել, եւ նրա այրին խնդրել էին իրենց հանձնել Քադաֆիի մարմինը: Հրամանատարը եւս իր կտակում ավանդել էր իրեն հուղարկավորել Սիրտում: