Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող և ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի շահերը, բայց այս կազմակերպությունը ստեղծվել է Ռուսաստանի կողմից, հետևաբար ՀԱՊԿ-ի դեմ ցանկացած հայտարարություն Մոսկվայի դեմ հայտարարություն է։ Այս մասին նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները գտնվում են «սպասողական ռեժիմում», ուստի կոշտ հայտարարությունների ֆոնին խոսում են կազմակերպությունից դուրս գալու դժկամության մասին։

«Եթե Ռուսաստանը է՛լ ավելի թուլանա, ապա Երևանը կհայտարարի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իսկ եթե հակառակը լինի, ապա Փաշինյանը կհայտարարի այս կազմակերպություններ վերադառնալու մասին»,- կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ ֆրանսիական զենքի մատակարարումները դժվար թե առանցքային դեր ունենան և ցուցադրական բնույթ ունեն։

«Արևմուտքը հիանալի հասկանում է, որ իր քաղաքականության արդյունքում հայ ժողովուրդը կորցրեց Արցախը, ուստի ձգտում է ցույց տալ, թե որքան բարի են իրենք և ինչպես են մտածում Հայաստանի անվտանգության մասին։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը՝ ի դեմս նույն Ֆրանսիայի, չի գա այս տարածաշրջան նույնիսկ Ռուսաստանի հեռանալուց հետո, քանի որ այս դեպքում այստեղ կմնան Թուրքիան և Իրանը։ Աֆրիկայից հեռանալու ֆոնին Փարիզը փորձում է ապահովել, որ նույն Ռուսաստանը, նույն Թուրքիան, նույն Ադրբեջանն իր հետ սակարկության մեջ մտնեն»,- նշեց Կիվիրյանը։

Ըստ նրա՝ այն խաչմերուկի մասին, որի մասին խոսում է Փաշինյանը, Հայաստանը պետք է մտածեր 1990-ականների սկզբին։

«Այն ժամանակ հնարավորություն կար Հայաստանը դարձնել տարածաշրջանային խաչմերուկ, բայց ոչ հիմա, երբ Հայաստանը թուլացած է։ Անհասկանալի է, թե ինչու պետք է այլ երկրներ շահագրգռված լինեն Հայաստանի տարածքով հաղորդակցություններ իրականացնել՝ առանց քաղաքական դիվիդենտներ ստանալու»,- ընդգծեց նա։