Արևմտյան երկրները մտադիր էին հակամարտություն հրահրել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Բիշքեկում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը միշտ ակտիվորեն մասնակցել է Հարավային Կովկասը կայուն և խաղաղ տարածաշրջանի վերածելու գործում։ «Մեզ համար դա շատ կարևոր է։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան երկրները միայն նպատակ են ունեցել բորբոքել հակամարտությունը, խաղաղության օրակարգի առաջմղման հարցում մենք նրանց կողմից որևէ դրական քայլ չենք տեսել։ Ադրբեջանի վրա ճնշում են գործադրում տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Դաշնության խորհրդի նախագահը։
Ընդ որում, Մատվիենկոն նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են, երկու երկրների նախագահները մշտական կապի մեջ են։ «Մեր դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը, իհարկե, մեր նախագահների կարևոր քայլն ու որոշումն էր։ Սա նոր ուղղություններ և հեռանկարներ է ավելացրել մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվում են խոշոր ենթակառուցվածքային, միջտարածաշրջանային եւ միջպետական նախագծեր»։



























