Նախնական տվյալով, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխահարումից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ զոհվածը եղել է կանաչապատման բաժնի աշխատակից, վիրավորների թվում ուսանողներ չկան։
Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
Նա հայտնել է, որ նախնական տվյալով՝ պայթյունը առաջացել է հոսանքի տատանումից։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալի՝ 3 վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար:
ԵՊՀ մամուլի խոսնակը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե պայթյունի պատճառը Քիմիայի ֆակուլտետում առկա պայթուցիկ նյութերն են եղել։
«Այս մասնաշենքում է նաև Քիմիայի ֆակուլտետը, բայց սենյակը քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի, քիմիական ոչ մի նյութ չի այրվել, պայթյունը քիմիական նյութից չի եղել, նախնական տվյալով՝ հոսանքի խնդիր է եղել»-ասել է նա։
Քնար Միսակյանը նշել է նաև, որ ներկա պահին մասնաշենքն ամբողջովին տարհանված է, ներսում չկան դասախոսներ և ուսանողներ։
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 09:37-ին, Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք մարդ։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։











