«ՄՏՍ Հայաստանի» վաճառքի հայտը նայվել է, ներկայացված ինֆորմացիան գործընկերների հետ ևս ստուգվել է և արդյունքում հաստատվել է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։

Հարցին՝ ինչպես է ստացվել, որ ԲՏԱ նախարարությունը եւ ԱԱԾ-ն պետական շահի տեսանկյունից վտանգավոր տարրեր չեն տեսել եւ հավանություն են տվել բաժնետոմսերը վաճառելու գործարքին, նախարար Խաչատրյանը զարմանքով արձագանքեց. «Դուք այդտեղ տեսնո՞ւմ եք ազգային անվտանգության սպառնալիք»։

Հարցին, թե իրականում ով է կիպրական տվյալ ընկերության իրական սեփականատերը, նախարարը սկզբում ասաց, որ չի հիշում, չգիտի, ապա ճշտող հարցին ի պատասխան ասաց` «Հայտնի է իրական սեփականատերը, բայց չեմ ասի»:

Լրագրողների մյուս հարցերին նա խուսափողական պատասխան տվեց ու արագ հեռացավ` միայն արձագանքելով. «Գրավոր դիմեք, կպատասխանեմ»։

Հիշեցնենք, որ 2023 թ. ապրիլին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արգելել էր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Գործարքին դեմ էր հանդես եկել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերը ու ազգային անվտանգությունը։

Հիշեցնենք նաև, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Որոշման նախագծում նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն: