Թուրքիայի Արճեշ քաղաքում փրկարարները փլատակների տակից հանել են երկու շաբաթական նորածնի: Associated Press-ի փոխանցմամբ, երեխային հանել են այսօր` հոկտեմբերի 25-ի առավոտյան, առանձնատան փլատակների տակից: Փոքրիկի կյանքին ոչինչ չի սպառնում, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Վանում եւ Արճեշում մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորվածների թիվը՝1301-ի։ Փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարը։ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։

Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։

Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում 3-ից 5 բալլ հզորությամբ: