Տեղի ունեցավ մեր տարածաշրջանին բնորոշ ուժի երկրաշարժ, որը տվյալ պարագայում լիցքաթափել է տարածաշրջանում առկա կուտակումները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտական աշխատող Րաֆֆի Դուրգարյանը` կարեւորելով բնակչության շրջանում տարվող աշխատանքը: Նրա խոսքով` շենքից դուրս գալ նշանակում է ոչինչ չանել, պետք է նաեւ իմանալ, թե ինչպես տարհանվել,որտեղ է ավելի ապահով:
NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում մայրաքաղաքում շենքերի խտությունը, նա նշեց, որ չի կարող ասել, քանի որ տվյալներ չունի: «Երկրաշարժը չի սպանում, մեր կառուցած շենքերն են մեզ սպանում»,- նշեց Րաֆֆի Դուրգարյանը` հավելելով, որ բակեր դեռ մնացել են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 360-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին: 117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվծաք է ստացել 1300 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի: Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:




























