Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Վաշինգտոնը Մոսկվայի հետ համագործակցելու հեռանկար տեսնում է։

«Հետեւյալը կասեմ՝ Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Նա դաժանությամբ հարձակվել է իր հարեւանի վրա, եւ միայն դա չէ։ Ռուսաստանը ստել է միջազգային տարբեր պարտավորությունների մասին եւ բազմիցս խախտել է դրանք վերջին տարիներին։ Կարիք չկա Ձեզ հիշեցնել այն փաստը, որ Ռուսաստանը զորքեր է տեղակայում Մոլդովայում եւ Վրաստանում առանց այդ երկրների համաձայնության։ Եվ կան մի շարք այլ դեպքեր, որոնք ես կարող եմ մատնանշել, որ ցույց են տալիս՝ Մոսկվան իսկապես վստահելի կողմ չէ բանակցություններում»,- ասել է նա։

Դիտարկմանը, որ մյուս կողմից՝ Մոսկվան է սպառնալիք տեսնում, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանը դուրս մղել այս տարածաշրջանից, Մայքլ Քարփենթերն արձագանքել է․ «Ինչպես սկզբում ասացի, Միացյալ Նահանգների շահը կայուն եւ երկարատեւ խաղաղություն տեսնելն է։ Դա պետք է լինի արդարացի խաղաղություն: Իհարկե, այն պետք է հիմնված լինի երկու կողմերի շահերի վրա։ Բայց, ի վերջո, մենք հավատում ենք, որ սա է առաջընթացի ճանապարհը: Տեսեք, թե ինչ արեց հակամարտությունը։ Այն մարդկանց տեղահանում է իրենց տներից, հանգեցնում ողբերգությունների թե՛ անհատական մասշտաբով՝ ընտանիքների համար, թե՛ ընդհանուր համայնքների համար, թե՛ առաջացնում է ցասում, որ կարող է երկար տեւել: Սա ոչ մեկի շահից չի բխում։ Այդ իսկ պատճառով մենք հենց սկզբից մոտեցել ենք այս գործընթացին լուծում գտնելու շահագրգռվածությամբ»։

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կոնտակտներ կա՞ն, ինչ-որ շփումներ եղե՞լ են, Քարփենթերն ասել է․ «Ես տեղյակ չեմ Մինսկի խմբի ձեւաչափով որեւէ շփումների մասին։ Իհարկե, Մինսկի խումբը շարունակում է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ կողմերն այլ բան չեն որոշել, բայց այս պահին շփումներ չկան»։

Անդրադառնալով Politico-ի այն հաղորդմանը, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Եվրամիության դիվանագետները հանդիպել էին Թուրքիայում սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակումից ընդամենը օրեր առաջ, եւ հարցին՝ դա ի՞նչ հանդիպում էր, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն ասել է․ «Եղել են մի շարք հաղորդումներ, որոնք հիմնված են կեղծ տեղեկությունների վրա, դրանք վերաբերում են նախկին պաշտոնյաների, վերլուծական կենտրոնների փորձագետների եւ այլոց այսպես կոչված երկրորդ ուղու քննարկումներին: Ես տեղյակ չեմ ռուս գործընկերների հետ ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շատ հստակ էր այս առումով․ երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարեւոր հարցի, ինչպիսին ռազմավարական կայունությունն է, մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ: Բայց այս պահին մյուս կողմը՝ նկատի ունեմ Ռուսաստանը, պարզապես պատասխանատվությամբ չի մոտենում այս կարգի թեմաներին։ Ես կասեի՝ ճիշտ հակառակն է։ Եվ այսպես, մենք ոչ մի հնարավորություն չենք տեսնում մոտ ժամանակներս արդյունավետ քննարկում ունենալու համար»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում