Երկրագնդի վրա, հոկտեմբերի 24-ի երեկոյան, մագնիսական փոթորիկ է սկսվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնին (NOAA):

Փոթորիկի սկիզբն արձանագրվել է ուշ երեկոյան, երբ գեոմագնիսական ինդեքսը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Բրիտանիայում կտրուկ աճել է` 1-ից հասնելով 5-ին: Մյուս երեք ժամերի ընթացքում այն բարձրացել է մինչեւ 7, ներկայումս այն 6 է:

Դիտորդներ հայտնում են, որ բեւեռային երկրներում` Նորվեգիայում, Ֆինլադիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, ԱՄՆ-ում եւ Էստոնիայում, երկնքում երեւում են վառ բեւեռային պայծառություններ:

Միաժամանակ, մասնագետները համարում են, որ այս փոթորիկը երկար չի տեւի եւ առաջիկա մեկ օրում Երկրի մագնիսական սֆերան կհանդարտվի: