Այն պատվիրակությունները, որոնք չեն ժամանել Երեւան՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին մասնակցելու, որպես այդպիսին պարզաբանումներ չեն ներկայացրել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նշենք, որ մասնավորապես, չեն ժամանել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները:

«Ես գիտեմ, որ երեկ Ռուսաստանի պատվիրակությունը դիմել է ԽՎ նախագահին՝ ընդամենը ներկայացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին»,-ասաց նա:

Խանդանյանի խոսքով, Հայաստանի ԱԺ-ն չէ, որ հրավերներ է ուղարկել երկրների խորհրդարաններին, դրանով զբաղվում է միջազգային քարտուղարությունը եւ բոլոր 56 անդամ երկրների եւ 11 գործընկեր երկրների խորհրդարաններին ուղարկվել են հրավերները:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակությանը, որեւէ տեղեկատվություն չունեմ»,-ասաց նա:

Ավելի վաղ նա նշել էր, որ Հայաստանի ԱԺ-ն ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ Վեհաժողովին հայտնել է, որ Հայաստանի ԱԺ-ն պատրաստ է ապահովել ադրբեջանցի պատգամավորների անվտանգությունը, բայց նրանք չեն եկել:

Նշենք, որ Երևանում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանկան վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը:

Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է: