Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք այս խաղաղության օրակարգին և շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում, և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան փախչել և գալ Հայաստան»,- ընդգծեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ չնայած բոլոր դժվարություններին, որոնց այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին խաղաղություն և բարգավաճում բերել տարածաշրջան։

«Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն էական դեր է խաղում տարածաշրջանային կայունության ձևավորման գործում։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ հայտարարեց, որ Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար փաստաթուղթ է, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է նա։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ կայացած հանդիպմանը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին։

Նրա խոսքով՝ հատկանշական է նաև, որ վերջին բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրապարակայնորեն ճանաչել միմյանց տարածքների ճշգրիտ չափերը։