Եվրո-2024-ի եզրափակիչ ընտրախաղում Բելգիայից ջախջախիչ պարտություն (0։5) կրելուց հետո Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի դե Բյազին զայրույթը թափել է ադրբեջանցի լրագրողների վրա, որոնք ներկա են եղել Բրյուսելում ընթացող մամուլի ասուլիսին, գրել է haqqin.az-ը։

Հարցին, թե արդյոք կկարոտի ադրբեջանցի լրագրողներին, երբ հեռանա Ադրբեջանից, դե Բյազին ասել է. «Իհարկե ոչ։ Այդպիսի հիմար լրագրողներ ես դեռ չեմ հանդիպել,- նրա խոսքերը մեջբերել է բելգիական մամուլը։- Նրանք պարզապես հիմար են։ Նրանք ոչինչ չեն կարող անել եւ հիմար հարցեր են տալիս։ Նրանք մոռացել են մեր տեղի խաղերն Ավստրիայի, Շվեդիայի եւ Բելգիայի հետ։ «Ֆիատում» անհնար է առաջ անցնել «Ֆերարիից»։ Դա իմ մեղքը չէ։ Այս ընտրարշավում մենք անգամ ավելիին ենք հասել, քան ակնկալում էինք։ Եթե դուք խաղում եք Բելգիայի դեմ՝ «Ֆերարիի» մակարդակի թիմի դեմ, դուք չեք կարող հաղթել, եթե ձերը «Ֆիատ» է։

Հետաքրքիր է, որ դե Բյազին հատուկ թարգմանիչ է խնդրել, որպեսզի նա անպայման թարգմանի իր ասածը բելգիացի լրագրողների համար։