«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի այսօրվա նիստում քննարկվել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր հողամասերի վարձակալության հետ կապված հարցեր:

NEWS.am-ին Տարածքային կառավարման նախարարությունից հայտնեցին, որ խորհուրդն արձանագրել է, որ  ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող 1905 մ նիշից բարձր եւ շինություններով չծանրաբեռնված հողամասերի վարձակալության  պայմանագրերի վերակնքման հարցը  լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի, ուստի «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվեց  Բնապահպանության նախարարության հետ համատեղ նոր առաջարկություններ ներկայացնել խնդրի կարգավորման ուղղությամբ:

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվեց գույքագրել եւ  երկշաբաթյա ժամկետում  խորհրդին ներկայացնել այն վարձակալների ցանկը, որոնց պայմանագրերի ժամկետը լրանում է մինչեւ տարեվերջ եւ 2012թ -ին: ՊՈԱԿ-ին հանձնարարվեց նաեւ գույքագրել ու մինչեւ տարեվերջ տեղեկատվություն ներկայացնել ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու տարածքում փաստացի գործունեություն ծավալող սուբյեկտների վերաբերյալ:

Խորհրդի նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը  տեղեկություններ ներկայացրել է Սեւանա լճի մաքրման աշխատանքների մասին` նշելով, որ այս տարվա մաքրման ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ  դեկտեմբերի կեսերը: Նախարարը հավաստիացրեց, որ ներկրված տեխնիկան ծառայում է նպատակին, եւ ջրի մեջ կատարվում են անհրաժեշտ  մաքրման աշխատանքներ: Խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը նշել է, որ 2011թ. համար ծրագրված մաքրման աշխատանքները նախատեսված ծավալով իրականացվում են, սակայն մաքրման ենթակա տարածքներն ավելի մեծ են, եւ նախատեսված միջոցները բավարար չեն դրանց ամբողջական մաքրման համար: Ուստի, ըստ նրա, կատարվածը պետք է գնահատել եւ մտածել ավելի մեծ ծավալի աշխատանքների իրականացման հնարավորությունների մասին: