Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնը միացել է Armenian Code Academy-ի (ACA) Tech for Artsakh նախաձեռնությանը, որի նպատակն է տեխնոլոգիական մի շարք մասնագիտություններով անվճար կրթություն ստանալու հնարավորություն տալ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, այս նախաձեռնության շրջանակում PMI Science գիտահետազոտական կենտրոնի եւ ACA-ի միջեւ տեղի ունեցավ համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունը։ Մինչեւ այս տարվա վերջ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը 40,000,000 ՀՀ դրամ կփոխանցի Tech for Artsakh նախաձեռնության կրթաթոշակային հիմնադրամին արցախցի երիտասարդների համար դասընթացներ կազմակերպելու եւ նրանց հետագա աշխատանքի տեղավորելու համար։

narek0_n.jpg (926 KB)

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց ACA-ի համահիմնադիր եւ տնօրեն Նարեկ Ասլիկյանը, այսօր մեկնարկել է ACA-ի եւ PMI Science-ի համագործակցության նոր փուլը, որի շրջանակում PMI-ն աջակցելու է արցախցիներին կրթություն ստանալու հարցում։

Նա հիշեցրեց, որ ACA-ը ոչ ֆորմալ կրթական հարթակ է, որը գործում է 2017-ից եւ մինչեւ ութ ամիս տեւողությամբ ինտենսիվ դասընթացների միջոցով տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ է պատրաստում։ Tech for Artsakh նախաձեռնության շրջանակում արցախցի մեր հայրենակիցները հնարավորություն կունենան անցնելու այս ինտենսիվ դասընթացները, ընդորում՝ առանց տարիքային սահմանափակման։ Նրանք կարող են լինել եւ՛ ուսանողներ, եւ՛ ավելի մեծ տարիքի մարդիկ, որոնք ցանկանում են արագ վերապատրաստվել այսօրվա ամենաարդիական մասնագիտություններով եւ համալրել Հայաստանի աշխատաշուկան։ Միեւնույն ժամանակ, ACA-ը չի խրախուսում ավագ դասարանների աշակերտների կամ դպրոցի շրջանավարտների մասնակցությունը ինտենսիվ դասընթացներին, քանի որ դա նրանց հնարավորություն կտա շրջանցել համալսարանական կրթությունը, ինչը, ըստ Նարեկ Ասլիկյանի, այդքան էլ ճիշտ չէ։ Սակայն ACA-ը չի էլ կարող արգելել նրանց մասնակցությունն այս դասընթացներին, քանի որ իրավիճակները տարբեր են, եւ լինում են դեպքեր, երբ 17-18 տարեկան երիտասարդներն իրենց ընտանիքում միակ ֆինանսական աղբյուրն են։

ACA-ն առաջարկում է կրթություն երեք մասնագիտություններով՝ ծրագրավորում, տվյալագիտություն եւ դիզայն:

«Մենք սկզբից հայտարարել էինք, որ մեր հաշվին 50 կրթաթոշակ կտրամադրենք, եւ 50 հոգու անվճար կընդունենք։ Բայց այնպես ստացվեց, որ մի քանի օրվա ընթացքում մենք ունեցանք 150 դիմում, եւ հասկացանք, որ չենք կարող սահմանափակվել։ Բայց նաեւ որոշեցինք, որ միեւնույն է, վճար չենք վերցնելու մեր արցախցի հայրենակիցներից, այլ կներգրավենք մեր գործընկերներին, որպեսզի կարողանանք ապահովել ոչ թե 50 կամ 150, այլ 500 հոգու վերապատրաստումը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին կրթաթոշակային ֆոնդում հավաքվել է 300 հոգու վերապատրաստման գումար, եւ գործընթացը դեռ շարունակվում է։ Նա նաեւ նշեց, որ արցախցիները շատ լավ են անցնում ընդունելության փուլերը։

danielyan4_n.jpg (1.04 MB)

Ֆիլիպ Մորրիսի PMI Science կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած կառույցը ներդրումներ է անում կրթական եւ գիտական բազմաթիվ նախագծերում՝ փորձելով ընդգրկել ողջ շղթան մասնագետների պատրաստումից մինչեւ նրանց ներգրավումը գիտական հաստատություններում գիտության այն ոլորտներում, որոնց զարգացմանն աջակցում է PMI Science-ը: Եվ այս շղթայի կարեւոր բաղադրիչը, ըստ նրա, մարդկային կապիտալն է եւ դրա զարգացումը։

Վահե Դանիելյանը հավելեց, որ մի շարք ոլորտներում երբեմն առաջանում է մասնագետների արագ վերապատրաստման անհրաժեշտություն, եւ դա հենց այն է, ինչ անում է ACA-ը։ Միեւնույն ժամանակ, ACA-ի դասընթացներն ավարտած երիտասարդների մեծ մասը՝ մոտ 80%-ը, շատ արագ աշխատանք է գտնում։

Նա նշեց, որ երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան, երկրի հանրությունը, բազմաթիվ կազմակերպություններ ու պետությունը ստանձնեցին արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու գործը։

«Բայց մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական ընկերությունը չպետք է զբաղվի սոցիալական կարիքները հոգալու խնդրով, թեեւ այդ կտորն էլ ունենք։ Մենք հասկացանք, որ մենք պետք է ապագայի մասին մտածենք։ Երիտասարդներ են գալիս, որոնք մաթեմատիկական շատ լավ բազա ունեն, օլիմպիադաների, շախմատի մրցումների մասնակից են, եւ մենք խնդիր դրեցինք. ինչո՞ւ այնպես չանել, որ այդ երեխաները միանգամից աշխատանքի խնդիր լուծեն։ Եվ խնդիրը ոչ միայն իրենց աշխատանքով ապահովելն է, այլ նրանց ծնողների երազանքներն ու նպատակները այս երկրի հետ կապելն է»,- ասաց նա՝ հավելելով, որ սոցիալական օգնությունը մարդկանց մոտ ապագայի հանդեպ վստահություն չի ձեւավորում, նրանք չեն պատկերացնում, ինչ միջոցներով են ապրելու 5-10 տարի հետո։

Մինչդեռ ACA-ի վերապատրաստման դասընթացները, նրա խոսքով, արցախցիներին հնարավորություն կտան աշխատանքի տեղավորվել բարձր եկամուտներով, իսկ նրանց ընտանիքներն ավելի արժանապատիվ կյանք փնտրելու համար այլեւս չեն ձգտի հեռանալ Հայաստանից:

«Վիճակից դուրս գալու խնդիր ենք մենք, ըստ էության, լուծում։ Այսինքն, մի կողմից այդ մարդկանց ընտանիքի խնդիրն ենք լուծում, մյուս կողմից՝ պետության, եւ երրորդ կողմից՝ բիզնեսի խնդիրն ենք լուծում։ Որովհետեւ մենք հասկանում ենք, որ սա մեծ մարդկային կապիտալ է, որը կարող է երկրից դուրս գալ։ Ըստ էության, մենք բարեգործություն չենք անում, մենք ներդրում ենք անում մարդկանց մեջ, որպեսզի հետո նրանց ներգրավենք բիզնեսներում»,- ասաց նա։

Վահե Դանիելյանը հավելեց, որ ACA-ն արցախցիների եւ Հայաստանի բնակիչների մասնակցությամբ կձեւավորի խառը խմբեր՝ դրանով իսկ լուծելով արցախցի երիտասարդների սոցիալականացման հարցը։

PMI Science գիտահետազոտական կենտրոնը դիտարկում է նաեւ ACA-ի դասընթացներն ավարտած արցախցիներին աշխատանքի տեղավորելու հնարավորությունը, եւ սա այս նախաձեռնությանն աջակցելու եւս մեկ նպատակ է: Բացի PMI Science-ից, նախաձեռնությունում ներգրավված են եւս ութ տեխնոլոգիական ընկերություններ, եւ  դասընթացի ընթացքում արցախցիները կայցելեն բոլոր այս ընկերություններ, կծանոթանան նրանց աշխատանքին։

Ծրագրի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (41) 48 16 30 հեռախոսահամարով։