Երեւանը կարող է դառնալ բիզնեսի զարգացման հրապարակ, ինչը կխթանի Փարիզի եւ Երեւանի միջեւ փոխգործակցությունը եւ կձեւավորի նոր բիզնես մշակույթ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` պաշտոնական այցով Երեւանում գտնվող Փարիզի քաղաքապետ, ֆրանկոֆոնիայի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետները քննարակել են մայրաքաղաքների միջեւ փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու եւ ֆրանկոֆոն քաղաքապետերի գագաթնաժողովը Երեւանում անցկացնելու որոշման համար, նշել է, որ, չնայած, բարձր վստահությամբ ձեւավորված հարաբերություններին` անելիքները դեռ շատ են:

Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, որն ավելի քան բարեկամական մթնոլորտում է անցնում, նշել է, որ այս օրը համարում է պատմական եւ ոգեւորիչ երկու քաղաքների հարաբերություների հետագա զարգացման համար:

«Այս ամենը ոգեւորում եւ քաջալերում է մեզ, որպեսզի ջանքեր ներդնենք հարաբերություններն ընդլայնելու համար: Ցանկալի է, որ փոխայցերը լինեն ավելի հաճախակի: Ուրախ եմ, որ աշխատում եմ Ձեզ հետ: Մեզ հետաքրքրում են նոր տեխնոլոգիական մոտեցումներն ու գաղափարները կառավարման համակարգում, որոնք կարող են լինել օրինակելի եւ իրենց կիրառությունը գտնել նաեւ Փարիզում»,- նշել է  Բերտրան Դելանոեն:

Նա առաջարկել է ներդրումային ծրագրերի շնորհանդեսը կազմակերպել Փարիզի քաղաքապետարանում` ֆիանսիացի գործարար շչջանակներին ներկայացնելով նորդրումային ծրագրերի ամբողջական փաթեթը:

Քննարկվել են նաեւ փոխայցելությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու մշակութային փոխշահավետ  ծրագրերի իրականացումը:

«Ֆրանսիական մշակույթը հայտնի է Երեւանում եւ պահանջված: Մենք պետք է կարողանանք այդ հարաբերությունները զարգացնել երկուստեք փոխշահավետ հիմքերի վրա»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանն ու Բերտրան Դելանոեն քննարկել են նաեւ քաղաքապետարանների աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակման, ճարատարապետության, տնտեսական ծրագրերի ընդլայնման եւ մի շարք այլ հարցեր: