Ուկրաինայի Օդեսայի մարզի Սարատա բնակավայրում բանկի կողոպտման փորձ է արձանագրվել:  Կենսաթոշակային տարիքի մի բնակչուհի գնացել է բանկ, որտեղից  սովորաբար թոշակ է ստանում,  եւ գանձապետուհուն ներկայացրել  է  երկտող` պահանջելով 300 հազ. գրիվեն (37,5 հազ. դոլար), հակառակ դեպքում սպառնացել է պայթեցնել ինքնաշեն ռումբը:

Երկտողում նա նշել է, թե ինչ թղթադրամներով կցանկանար ստանալ գումարը:  Մի մասը նա պահանջել է հազար գրիվեն անվանական թղթադրամով, որը պարզապես գոյություն չունի: Գանձապետուհին սեղմել է տագնապի ազդանշանը:

Տեսաձայնագրության օգնությամբ հաջողվել է պարզել տատիկի ինքնությունը: Նա իր քայլը բացատրել է «ձմռան համար փայտ եւ ածուխ գնելու համար գումարի բացակայությամբ»: Նրան տեղափոխել են հոգեբուժական կլինիկա` հետազոտության համար: Արարքը զարմացրել է տեղի բնակչությանը, որոնք 61-ամյա կնոջը համարել են խաղաղ ու հանգիստ անձնավորություն, հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: