Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր` հոկտեմբերի 25-ին, ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ Էլ Լեիսին եւ նրա հետ քննարկել Եգիպտոսի ներկա իրավիճակը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը։ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններից հետո հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցությունը կվերականգնվի եւ կամրապնդվի:
Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ամեն ինչ կանի իր աշխատանքային գործունեության ընթացքում զարգացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր բնագավառներում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




























