Իրանի հոգեւորականությունը կոչ է անում ադրբեջանցիներին ջիհադ սկսել Ալիեւի դեմ, մասնավորապես Իրանի Գում քաղաքում հատուկ կոնֆերանս է անցկացվել, որտեղ քննակվել է Ադրբեջանում առկա «իսլամաֆոբիայի» մթնոլորտը, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Թերթը տեղեկացնում է, որ կոնֆերանսի կազմակերպիչ Այաթոլահ-ուզմա Մեհմեդբաղիր Թահրիրին իր ելույթում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես դպրոցներում հիջաբների արգելման վերաբերյալ որոշումը եւ կոչ արել հասարակությանը հակաիշխանական մասսայական ելույթներ սկսել: «Այդ գործողությունները հարիր չեն Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությանը, եւ դա այլեւս չի կարող շարունակվել», նշել է Այաթոլան: Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդի ձերբակալությանը եւ նշել, որ Բաքուն պետք է չեղյալ հայտարարի հիջաբների վրա դրված արգելքը եւ ազատ արձակի իսլամիստներին:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում նոր ուսումնական տարվա սկզբից հիջաբով եկած աշակերտներին թույլ չեն տալիս մտնել դպրոց: Այդ հարցի կապակցությամբ Բաքու քաղաքի կրթական վարչության հասարակության հետ կապերի մասնաճյուղի ղեկավար Զեմինա Ալիգըզըն հայտարարել էր. «Մենք չենք ցանկանում այդ թեման կրկին օրակարգ բերել, որովհետեւ մեր դիրքորոշումը չենք փոխելու: Մենք խնդրում եւ պահանջում ենք, որ աշակերտները դպրոց ներկայանան բացառապես դպրոցական համազգեստով»:
Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարության` Ադրբեջանում դավանանքի ազատության վերաբերյալ սեպտեմբերի 13-ի զեկույցում նշված էր, որ չնայած Ադրբեջանի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն գործնականում իշխանությունները սահմանափակում են այն: Սահմանափակումների շարքում արձանագրված էին մի շարք արգելքներ, ինչպես օրինակ` ցածր եւ միջին դասարանների աշակերտուհիների համար հիջաբներ կրելու արգելքը, կրոնական գործունեության մասին օրենքների խախտման համար տուգանքների ավելացումը եւ այլն:




























