Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Truth Social սոցցանցի ընկերությունը պահանջում է 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում ԶԼՄ-ներից, որոնք սխալմամբ տեղեկացրել են, որ պլատֆորմը կորցրել է 73 մլն դոլար, տեղեկացրել է Bloomberg-ը։

Trump Media & Technology Group Corp.-ի իրավաբանները հայցում նշել են, որ թիվը «հորինված» է, եւ մեղադրել են 20 լրատվական գործակալությունների «կանխակալ, չարամիտ գրոհի» մեջ Truth Social-ի դեմ։

Անցած շաբաթ ԶԼՄ-ները, ներառյալ  Guardian-ը եւ Reuters-ը, հրապարակել էին հոդվածներ Truth Social-ի ֆինանսական վիճակի մասին։

Reuters գործակալությունը եւ որոշ այլ պարբերականներ հայտնել էին, որ սխալ թիվ են ստացել։ TMTG-ի իրավաբանները հայտնել են, որ բոլոր 20 ԶԼՄ-ները, որոնք հայտարարել են 73 մլն դոլարի կորստի մասին, վկայում են համակարգված արշավի մասին։

Անցած տարի գործարկված Truth Social-ը Թրամփի սիրած սոցցանցն է, քանի որ նրան արգելել էին օգտվել Թվիթերից եւ անհասանելի էին դարձրել Ֆեյսբուքն ու Ինսթագրամը Կապիտոլիումի դեպքերից հետո։ Այդ ժամանակվանից նախկին նախագահը վերականգնվել է այդ պլատֆորմներում, չնայած շարունակում է հրապարակել տեղեկություններ հիմնականում Truth Social-ում։