Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են շարունակվող բռնաճնշումները։ Ինչպես տեղեկացրել է «Թուրանը», այս մասին նշվել է «Ազգային խորհրդի» հայտարարությունում։
«Ադրբեջանի իշխանություններն ակտիվացրել են շարունակվող բռնաճնշումները, այս անգամ ուղղված AbzasMedia-ի եւ նրա ղեկավարության դեմ։ Նոյեմբերի 20-ին AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին ձերբակալվել է, իրականացվել են խուզարկություններ։ Այդ խուզարկությունների ժամանակ AbzasMedia-ի գրասենյակում իբր գտել են 40 000 եվրո գումար։ Կարծիք է տարածվել, որ այդ միջոցները իրենք՝ անվտանգության ծառայության աշխատակիցներն են դրել միայն նրա համար, որ ավելի ուշ «հարմար ձեւով» գտնեն դրանք։ Նոյեմբերի 21-ին AbzasMedia-ի գլխավոր խմբագիր Սեւինջ Վագիֆգըզըն ձերբակալվել է արտասահմանյան ուղեւորությունից վերադառնալուն պես, Հասանլին եւ Վագիֆգըզըն մեղադրվել են մաքսանենգության մեջ։ Դատարանը նրանց 4 ամիս կալանքի մեջ է թողել։ Ազգային խորհուրդը հայտարարել է այս բռնաճնշումների մասին՝ ուղղված AbzasMedia-ի վերացմանը՝ որպես անկախ զանգվածային լրատվամիջոցի։ Իլհամ Ալիեւի ռեժիմը խարխլում է ազգային հարստությունը եւ ձգտում լռեցնել ցանկացած խոսակցություն այդ մասին։ Նա ձգտում է վերահսկել հասարակական-քաղաքական ինստիտուտները եւ ակտիվիստներին՝ զսպելով քննադատությունը։
Ազգային խորհուրդը հիշեցնում է, որ մինչեւ այս երկու ձերբակալությունները տարբեր մեղադրանքներով ձերբակալվել էին մի քանի ազդեցիկ դեմքեր, այդ թվում պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն, տնտեսագետ եւ գործարար Նազիմ Բայդեմիրլին, նախկին պատգամավոր Բահթիյար Հաջիեւը եւ արհմիութենական ակտիվիստներ։ Ձերբակալությունների այս նոր ալիքը վերաբերել է նաեւ Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության անդամներին (ինը հոգի)։
Ազգային խորհուրդը մտահոգություն է հայտնում, որ ձերբակալությունների այս ալիքը համընկնում է երկրի արտաքին քաղաքականության փոփոխությանը։ Ադրբեջանն, ըստ երեւույթին, տարբեր պատրվակներով հեռանում է դեմոկրատական արեւմտյան աշխարհից՝ մոտենալով ավտորիտար Ռուսաստանի հետ։ Վարչակարգը, որն օգուտ քաղեց հայկական օկուպացիայից Ղարաբաղն ազատագրելով, ձգտում է երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումն ուղղել Ռուսաստանի կողմը։ Եվ ստիպում է լռել նրանց, ովքեր համաձայն չեն՝ անկախ ԶԼՄ-ներին, անկախ լրագրողներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին եւ ընդդիմադիր գործիչներին։
Այս բարդ իրադրությունում ազատ ԶԼՄ-ները քաջաբար պայքարում են ազատության եւ արդարության համար։ Ազգային խորհուրդը կոչ է անում համաշխարհային հանրությանը աջակցել դեմոկրատական ուժերին Ադրբեջանում։ Ավտորիտար ռեժիմը խարխլում է դեմոկրատական իսնտիտուտները։
Ադրբեջանցի ժողովրդին կոչ է արվում պարզապես չհետեւել այս իրադարձություններին։ Նա պետք է բողոքի այդ քաղաքականության դեմ բոլոր հասանելի միջոցներով եւ համերաշխ լինի նրանց հետ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների եւ ազատության համար։ Ազգային խորհուրդը հայտարարում է, որ Ուլվի Հասանլիի եւ Սեւինջ Վագիֆգըզըի կողքին է իրենց պայքարում, պայքար հանուն բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման Հասանլիի, Վագիֆգըզըի եւ Գուբադ Իբադօղլուի գլխավորությամբ»,- նշվել է հայտարարությունում։





























