ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ ՀԱՊԿ աջակցության փաթեթում, որից Հայաստանը հրաժարվեց, սպառազինություն չկար։

«Ենթադրում եմ՝ ոչ, չեմ կարող վստահ ասել», - այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Խոսելով սպառազինության թեմայից՝ ԱԺ նախագահն ասաց՝ Ադրբեջանը աշխարհին փորձում է ներկայացնել, թե Հայաստանն, իբր, զինվում է, հարձակողական պլաններ ունի։

«Ադրբեջանը բացի ատոմային ռումբից, կարելի է ասել, ամեն ինչ ունի, և այսօր աշխարհին փորձում են ներկայացնել, որ Հայաստանն իբր զինվում է, հարձակվում է, հարձակողական պլաններ ունի:

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ Հայաստանը որևիցե երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի, Ադրբեջանի այն սպառազինությունը, որը գնվում է միլիարդավոր դոլարներով, միջազգային հանրությունը պետք է ուշադիր լինի դրա նկատմամբ ու մի հարց տա՝ ինչի՞ համար է պետք Ադրբեջանին այդ քանակությամբ զենք-զինամթերք: Երևի թե, միայն ատոմային ռումբ չունեն», - ընդգծեց նա։

Սիմոնյանը շեշտեց՝ անգամ իսրայելական հակամարտության այս թեժ օրերին է Ադրբեջանը կարողանում իր երկիր զենք տեղափոխել։

Սիմոնյանը միաժամանակ հավելեց, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում, պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, բայց ակնկալում է, որ Բաքուն նույնպես կառուցողական կլինի։