ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչման հարցում ռուսական կողմի բերած փաստարկներն այնքան էլ արդարացված չեն։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայ հայրենակիցների հարցերին։

«Թեև եվրասիական տարածքում աշխատուժի շարժումը պետք է անխոչընդոտ լինի։ Հիմնական խնդիրը Հայաստանում ռուսաց լեզվի պաշտոնական ճանաչումն է, բայց դժվար է պատկերացնել, որ հայերենից բացի որևէ այլ լեզու նման կարգավիճակ ունենա Հայաստանում՝ հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները»,- ասել է նա։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանում այժմ ապրում և աշխատում են ռուսաստանցի ռելոկանտ-վարորդներ, որոնք հայերեն  չգիտեն։

Հիշեցնենք, որ Պետդուման անորոշ ժամանակով հետաձգել է ՌԴ-ում աշխատելու և բիզնեսով զբաղվելու համար ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչման մասին օրինագծի քննարկումը` համարելով, որ նման օրենքի ընդունումը «ներկայումս չի համապատասխանում երկրի շահերին» 

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պատգամավորների այս որոշումը բացատրել է նրանով, որ Հայաստանի իշխանությունները չեն ամրագրել ռուսաց լեզվի կարգավիճակը երկրում։ Ըստ Վոլոդինի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները կարող են Ռուսաստանում օգտվել իրենց երկրների վարորդական իրավունքից, քանի որ «ռուսերենը սահմանադրորեն ամրագրված է նրանց երկրում»։