Մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, և Ռուսաստանը տեղյակ է Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու նրանց փորձերի մասին, բայց ոչ ոք ի վիճակի չէ այնտեղ խաղաղության և կայունության երաշխավորի դեր խաղալ, բացի Ռուսաստանից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
«Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում, Պեսկովը նշել է, որ դեռևս երեքից հինգ տարի առաջ ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս մղելու և Ռուսաստանի ու Հայաստանի միջև կապերը թուլացնելու փորձերը կատարվել են «դիվանագիտական դիմակներով»։
«Այժմ այդ դիմակները վաղուց հանված են, և պայքարը մղվում է ուղղակիորեն, բաց ճակատով»,- նշել է նա։
Ըստ Պեսկովի, «իրոք, մի շարք երկրներ դեռ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այդ երկրները դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ. նրանք միակողմանի դիրք են բռնել»։
Այդպիսի երկրները, որոնք միակողմանի դիրքորոշում են որդեգրել, չեն կարող որևէ բանի հավակնել, «դա և՛ անհնար է, և՛ անտեղի»։
«Իսկ այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց առայժմ ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի նման դեր խաղալ, բացի Ռուսաստանից: Իսկ Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։





























