ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ եւս 15 պետություն ստորագրել են համաձայնագիր սպառողներին արհեստական բանականության (ԱԲ) անիրավաչափ օգտագործումից պաշտպանելու մասին։  20 էջանոց փաստաթղթում ներկայացված են ուղեցույցներ ԱԲ ստեղծող ընկերությունների համար՝ չարագործներից արհեստական բանականությամբ համակարգերի պաշտպանության նպատակներով, տեղեկացրել է DW-ն։

Ընկերություններին խորհուրդ է տրվում այդ համակարգերը դարձնել «անվտանգ», որպեսզի դրանք չկարողանան օգտագործել կիբեռհանցագործները, իսկ օգտատերերի գաղտնի տվյալները չհայտնվեն երրորդ անձանց ձեռքում։

«Արհեստական բանականության համակարգերը ենթակա են նոր խոցելիությունների, որոնք պետք է հաշվի առնել կիբեռանվտանգության ստանդարտ սպառնալիքների հետ միասին։ Երբ զարգացման տեմպերը բարձր են, ինչպես արհեստական բանականության պարագայում է, անվտանգոթյունը հաճախ կարող է երկրորդ պլան մղվել։ Բայց անվտանգությունը պետք է լինի հիմնական պահանջը»,- նշվել է փաստաթղթում։

Հրահանգները պարտադիր ուժ չունեն, բայց եւ այնպես, փորձագետները համաձայնագիրը կարեւոր քայլ են համարում։ Կիբեռանվտանգության ամերիկյան վարչության տնօրեն Ջեն Իսթերլիի խոսքով՝ փաստաթուղթը ընդգծում է, որ ԱԲ տեխնոլոգիաները «պարզապես ֆունցկիաներ չեն, որոնք կարելի է արագ դուրս բերել շուկա», ամենակարեւոր կողմը անվտանգությունն է։

Ավելի վաղ Եվրամիությունը, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ որոշ այլ երկրներ, ինչպես նաեւ խոշոր IT-կոնցեռնների ներկայացուցիչներ, ներառյալ ChatGPT Open AI ընկերության եւ Tesla-ի ու SpaceXի հիմնադիր Իլոն Մասկի ընկերությունների մենեջերները, ստորագրել էին «Բլեչլիի հռչակագիրը», որը արհեստական բանականության անվտանգ ներդրման կոչ էր անում։