Հայաստանի միացումը ԱՊՀ Ազատ առեւտրի գոտուն չի խոչընդոտի Հայաստանի եվրոինտեգրմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Ազգային Ժողովում: Նշենք, որ ԱԱՀ-ն ստորագրել են հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ 11 անդամներից 8-ը (բացի Ուզբեկստանից, Թուրքմենստանից եւ Ադրբեջանից):
Համաձայնագրի բանակցությունները սկսվել են դեռ 1992թ.: 93-94թ.թ. համաձայնագիրը կնքվել էր, սակայն Ռուսաստանը չէր վավերացրել այն եւ ուժի մեջ չէր մտել: Երկու տարի առաջ, ըստ Տիգրան Սարգսյանի, բանակցությունները վերսկսվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Վարչապետը նշել է, որ համաձայնագիրը չի հակասում, այլ ավելի շուտ փոխլրացնում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
Խոչընդոտներ չեն հարուցվում նաեւ եվրաինտեգրացիայի գործընթացի համար, մասնավորապես Հայաստանի եւ ԵՄ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների համար: «ԱԱՀ-ն բացառիկ հնարավորություններ է ստեղծում. Անդամ-երկրները կարող են փոխադարձ անմաքս առեւտուր անել, մասնակիցները պայմանավորվել են նաեւ առեւտրային քվոտաներից հրաժարվել: Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի, նաեւ Ադրբեջանի միացումը կարող է ամրապնդել այդ համաձայնագիրը»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է, թե Հայաստանը դեռ չի քննարկում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությանը միանալու հարցը:



























