Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ արձագանքի պաշտոնական Բաքվի քարոզչության նոր ալիքին, որ սկսվել է Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելուց հետո: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Արդեն այսօր, ըստ պատգամավորի, պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե իր նախագահության երկու տարին օգտագործելու է հիմնականում Ղարաբաղի խնդիրն արծարծելու համար: Անկարան իր հերթին ասել է, թե կօգնի եղբայրական Ադրբեջանին: «Ադրբեջանին արդեն շնորհավորել են ԱՄՆ պետքարտուղարությունն ու ՌԴ ԱԳՆ-ն: Մենք կարող ենք համոզել ինքներս մեզ, որ Ադրբեջանի ընտրությունը իրեն ոչինչ չի տա, իսկ Անվտանգության խորհրդում տեղը Բաքուն ընդամենը գնել է: Անգամ այդ դեպքում չպետք է թերագնահատել ադրբեջանական կողմի ուժը. 155 երկրների նախագահներին եւ վարչապետներին գնելն այնքան էլ հեշտ չէ»,- ասել է Զոհրաբյանը:
«Շատ ցանկալի կլիներ իմանալ, թե ինչ համարժեք քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի արտգործնախարարությունը, բացի Բան Կի Մունին ամեն շաբաթ նամակ գրելուց»,- հավելել է Զոհրաբյանը:




























