Մենք կարծում ենք, որ խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ մենք այդ ուղղությամբ լուրջ ջանքեր ենք գործադրում։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ակադեմիայում նոյեմբերի 28-ին, գիտաժողովի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպանության Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամադ Ասադի Մովահեդը։
Նրա խոսքով՝ Թեհրանի իրականացրած բարիդրացիության քաղաքականությունը Հարավային Կովկասում տարածաշրջանի զարգացման կարեւոր բաղադրիչն է։
Դիվանագետը նշել է այն ուղղությամբ տարվող աշխատանքի կարեւորությունը, որպեսզի կանխվեն լարվածության նոր օջախներն այս զգայուն տարածաշրջանում։
Նա հիշեցրել է, որ իրանա-հայկական հարաբերությունները 4000 տարվա պատմություն ունեն եւ նշել է երկու երկրների եւ ժողովուրդների քաղաքակրթական, պատմական, աշխարհագրական մերձությունը։
Մոհամադ Ասադի Մովահեդը կարեւոր է համարել այս հիմքի օգտագործումը Հայաստանի եւ Իրանի միջեւ բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման համար։











