Սեռական հանցագործությունների համար անհրաժեշտ է պատժել հարկադիր ամորձատմամբ: Հոկտեմբերի 26-ին, նման կարծիք է հայտնել Ազգային Ժողովի անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` ելույթ ունենալով խորհրդարանի  ամբիոնից:

Նրա կարծիքով, ահազանգի համար պատճառ են դարձել Հայաստանում մանկապղծության դեպքերը: Այսպես հանրապետության դատական մարմինների տվյալներով, 2000-2010 թվականներին Հայաստանում սեռական հանցագործություններից տուժել են 100 անչափահասներ: «Դա միայն այսբերգի գագաթն է, հասկանալի պատճառներով, տուժածների ծնողները մեծ մասամբ դատարան չեն դիմում»,- ասաց Դալլաքյանը: Բացի այդ, ըստ պատգամավորի, դատարանները մեղավորների պատասխանատվությունը սահմանափակում են 100 հազար դրամ տուգանքով:

Վերջին շրջանում, սըտ պատգամավորի, նման աղաղակող հանցագործությունները համալրվել են եւս մեկով` տարեց կանանց վրա երիտասարդների հարձակումներով: «Ես առաջարկում եմ լրջորեն խստացնել պատիժները, ավելացնել բանտային ժամկետները, նաեւ հանցագործշների նկատմամբ կաստրացիա կիրառել: Նման մեխանիզմ գործում է զարգացած այնպիսի երկրներում, ինչպես Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Գերմանիան, ԱՄՆ-ի 8 նահանգներ»,- նկատել է Վիկտոր Դալլաքյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ պատժիչ մեխանիզմը դժվար թե իջեցնի հանցագործությունների թիվը: «Հանցագործությունները կարող են միայն ավելի դաժան դառնալ, բռնաբարություններն ուղեկցվել սպանություններով: Առաջին հերթին պետք է մտածել միջավայրի մասին: Եթե խոսենք արժեքների խեղաթյուրման մասին, նման դեպքերի թվարկումը կարող ենք շարունակել, մայրը կախում է երեխաներին, որդին սպանում է հորը: Նման դեպքերը, ցավոք, հաճախակի կդառնան, իսկ եթերային ագրեսիան սրում է մարդկանց  լարվածությունը »,- ասել է նախարարը: