«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկշաբաթյա այցելություն է կատարել Արեւմտյան Հայաստան, որտեղ ներկա է գտնվել նաեւ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս վերաբացման արարողությանը:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 22-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր հայերի հետ միասին մասնակցել է Տիգրանակերտում (Դիարբեքիր) սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացմանը, ապաեւ վերաօծման արարողությանը: Այդ օրը հինավուրց հայ առաքելական այս եկեղեցում կնքվել են նախկինում որպես սուննի մուսուլման ներկայացող մի խումբ արեւմտահայեր:
Պատասխանելով հայերի եւ թուրքերի միջեւ պահպանվող սառնության մասին «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ասել է. «Անչափ կարեւոր է, որ երկու ժողովուրդների միջեւ հաստատվի երկխոսություն, սակայն դա պետք է տեղի ունենա առանց մոռացության մատնելու պատմական այն ահավոր ողբերգությունը, ինչպիսին է Ցեղասպանությունը»:
Խարբերդցի Մուսթաֆան եւ Հովհաննիսյանը այցաքարտեր են փոխանակել:
Սուրբ Կիրակոս եկեղեցու շուրջ խմբված բազմությունը, որը բաղկացած էր Հայաստանից, Պոլիսից, Սփյուռքից ժամանած ուխտավորներից, խառնվել էր ինքնության որոնումներում Թուրքիայի գավառներից այստեղ եկած քրդացած հայերի հետ, ինչը մի կողմից ընդգծում էր մեր կորստի համընդգրկուն սահմանները, մյուս կողմից` իր իրացմանը սպասող հայոց ազգային ներուժը:
Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Բիթլիս եւ Մուշ, եղել Սուլուխում, Խնուսում եւ տեղի Սանասարյան ակադեմիայում: Մի քանի ժամով նա մեկնել է Վան (մինչեւ այնտեղ տեղի ունեցած երկրաշարժը), ապա ժամանել Կարին, ուր այցելել է «Յառաջ» օրաթերթի գրասենյակի պահպանված շենք:
Արեւմտյան Հայաստանի մի քանի այլ քաղաքներ այցելելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա հանրապետություն:




























