Եկեղեցին կազատվի գույքահարկից միայն կրոնական նշանակության շինությունների մասով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով «Գույքահարկի մասին» օրենքում երեկ խորհրդարանի առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները:
Օրենքի նախագծի համաձայն` վանական կառույցները, որոնք ընդգրկված չեն հանրապետության մշակութային արժեքների ցանկում, ինչպես նաեւ կրոնական նպատակների համար նախատեսված այլ շինությունները, հարկման ենթակա չեն:
«Օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են արդեն 2,5 տարի: Ավելի վաղ մենք ուշադրություն էինք դարձրել, որ որոշ եկեղեցիներ ոչ լավ վիճակում են գտնվում, եւ հարց բարձրացրեցինք, թե ինչու տերերը պատշաճ կերպով չեն հետեւում դրանց: Այդ ժամանակ մենք հանրությանը ներկայացանք խոստումով, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք դրա համար: Գույքահարկից ազատվող շինությունների ցանկը կհաստատի կառավարությունը, եւ այլ նշանակության շինություններ դրանում չեն ընդգրկվի», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը:




























