Ամենամեծ բեռնարկղային հաբը Հարավային Կովկասում Փոթին է, երկրորդ տեղում Երեւանն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական խոշոր «Ապավեն» տրանսպորտային-լոգիստիկ ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ երկրի տրանսպորտային համակարգը լիովին պատրաստ է օգնել տնտեսվարող սուբյեկտներին դուրս գալ սպառման այլընտրանքային շուկաներ։

Նա համոզված է, որ Հայաստանը շատ լրջորեն է ինտեգրված միջազգային տրանսպորտային համակարգում։

«Հայաստանում ներկայացված են տասը խոշոր համաշխարհային ընկերություններից յոթը։ Այդ տասնյակում, ի դեպ, ռուսական ընկերությունները չեն մտնում։ Այդ պայմանները ստեղծված են, եւ այդ փոփոխությունները ոչ մի կապ չունեն Ռուսաստանի հետ»,- ավելացրել է Աղաջանյանը։

Նրա գնահատմամբ, այդ ամենը  բեռներն աշխարհի ամենատարբեր անկյուններ տեղափոխելու հնարավորություն է ստեղծում։

«Մեր հարեւանների՝ Հայաստանը շրջափակման մեջ թողնելու ձգտումը հաջողությամբ չի պսակվել։ Տրանսպորտային հասանելիության տեսակետից այլընտրանքային հնարավորություններ կան, խնդիրը միայն արտադրանքի քանակն ու որակն է»,- նշել է նա։