Իտալիայում ջրհեղեղի հետեւանքով մահացել է 9 մարդ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով AGI-ը, 7 մարդ մահացել է Լիգուրիայի հարավում, եւս 2 մարդ խեղդվել է Տոսկանայի հյուսիսում: Բացի այդ, La Repubblica-ի տվյալներով, առնվազն 12 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած:
Նշենք, որ ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք տեղում են Իտալիայի միանգամից մի քանի շրջաններում, սակայն ամենից շատ տուժել է երկրի հյուսիս-արեւմուտքը:
Ջրհեղեղի արդյունքում շատ վայրերում սողանքներ են տեղի ունեցել, վնասվել են տները, ճանապարհներն ու կամուրջները: Մասնավորապես, մինչեւ կիրակի արգելվել է երկաթուղու երթեւեկությունը Ջենովա-Սպեցիա ուղղությամբ: Շատ շրջաններում չկա էլեկտրականություն եւ հեռախոսակապ: Որոշ վայրեր հնարավոր է հասնել միայն ուղղաթիռով:




























