Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, այս տարվա հունվարին տեղի ունեցած ահաբեկչության գործով, դատարանը հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել Հյուսիսային Կովկասում գործող հանցավոր խմբավորման ղեկավար Դոկու Ումարովի նկատմամբ: Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել, որի հետեւանքով մահացել էր 36, վիրավորվել` շուրջ 200 մարդ:
Այս տարվա փետրվարին Դոկու Ումարովն իր վրա էր վերցրել տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Մարտին նրա եւ հանցավոր խմբավորման եւս 4 անդամի նկատմամբ հեռակա կարգով կալանքի որոշում է կայացվել: Այս գործով այժմ կա 4 կալանավորված: Մեղադրյալներ Բաշիր Խամխոեւի, եղբայրներ Իսլամ եւ Իլեզ Յանդիեւների եւ Ահմեդ Եվլոեւի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2012-ի հունվարի 24-ը:




























