Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, հնարավոր է, ավելի վաղ հեռանա իր պաշտոնից: Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, սկանդալներով հայտնի վարչապետը համաձայնություն է ձեռք բերել ընդդիմության հետ կենսաթոշակների բարեփոխումների դիմաց` պաշտոնից իր վաղ հեռանալու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:

Իտալական La Repubblica-ն գրում է, որ Բեռլուսկոնին համաձայնել է հրաժարական տալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, ինչպես նաեւ կազմակերպել խորհրդարանական ընտրություններ 2012թ մարտին:

Փոխարենը «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Ումբերտո Բոսսին, որը զբաղեցնում է դաշնային բարեփոխումների նախարարի պաշտոնը, համաձայնել է աջակցել կենսաթոշակային բարեփոխումների նախագծին, որը նախատեսում է, որ 2012թ իտալացիները թոշակի կգնան 67 տարեկանում, ոչ թե 65-ում, ինչպես հիմա է: ԵՄ առաջնորդների հետ Բրյուսելում հանդիպելուց հետո Բեռլուսկոնին հրապարակավ հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը Իտալիայում պետք է ավելացնել մինչեւ 67 տարի: Սակայն, Բոսսին եւ «Հյուսիսի լիգայի» այլ նախարարներ կտրականապես հրաժարվել են աջակցել այդ ծրագրին: