Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարներով մեքենաները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սկզբնական շրջանում շատ է ուրախացել դրա համար՝ մտածելով, որ Վրաստանից ՀՀ այցելությունների թիվը մեծ տեմպով ավելանում է:

Սակայն  հետագայում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներն են մեքենա ներկրելիս ձեւակերպում «ժամանակավոր ներմուծում» ընթացակարգով, որի արդյունքում չեն վճարում համապատասխան հարկեր Հայաստանում:

Փաշինյանի խոսքով, քաղաքացիները նման քայլի են գնում, քանի որ Վրաստանում մեքենաների մաքսատուրքերը էականորեն ավելի քիչ են, քան ՀՀ-ում. «Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ԵԱՏՄ կարգավորում է եւ ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ հարցը լուծել: Մենք կարծում ենք, որ այդ հարցը կարող է քննարկվել ԵԱՏՄ շրջանակներում եւ մենք կդիտարկենք այդ տարբերակը: Բայց Հայաստանը երկար ժամանակ ԵԱՏԸՄ-ում ուներ արտոնություններ՝ մեքենաների ներմուծման ժամանակ: նաեւ 2019-ին, 2020-ին ավտոմեքենաների ներմուծման շատ մեծ բում էր տեղի ունեցել»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ ժամանակին անտեսել են այս հարցը եւ արդյունքում այսօր Հայաստանում վրացական համարանիշներով մեքենաների թիվը հասել է 9 հազարի:

«Հիմա առաջարկվում ենք, որ այն անձինք, որոնք արդեն ներմուծել են, իրենց համար աջակցության ծրագիր ենք իրականացնում եւ վճարվող մաքսատուրքի մի մասը փոխհատուցում ենք: Այսինքն կօգնենք, որ մարդիկ ավելի փոքր գումարներով այդ մեքենաները մաքսազերծեն:

Մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենաների մասով փոխհատուցվելու է  վճարվող գումարի 40 տոկոսը, այսինքն քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 60 տոկոսը, իսկ 5 տարուց հին մեքենաների դեպքում քաղաքացին կվճարի մաքսատուրքի միայն 30 տոկոսը, 70-ը կփոխհատուցի պետությունը:

Այս կարգավորումներին զուգահեռ ՀՀ ոստիկանությունը վարչարարություն կիրականացնի։ Նրանց, ում մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին, համապատասխան ընթացակարգերով վարչարարություն կիրականացնենք և համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացաիներին, որպեսզի ինչպես հարկն է՝ ՀՀ-ում երթևեկեն ՀՀ պետհամարանիշներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշվեց, որ այս մեխանիզմը գործելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը, դրանից հետո քաղաքացիները չեն ստանա կառավարության կողմից փոխհատուցում եւ ստիպված կլինեն 100 տոկոսով վճարել մաքսատուրքը: