Առանց հակամարտության պատճառների վերացման անհնար է հասնել կայուն խաղաղության։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ գոյակցության մասին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարության վերաբերյալ հարցին։

«Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Հակամարտությունը էթնիկական ծագում ունի։ Հայերի նկատմամբ ատելությունը եւ բռնությունը հանգեցրել են նման զարգացումների։ Քանի դեռ Ադրբեջանում այս քաղաքականությունը շարունակվում է պետական մակարդակով, բռնությունը շարունակվելու է։ Որքան էլ որ փորձեն քաղաքականապես պարտադրել համակեցությունը, քանի դեռ պատճառները վերացված չեն, բռնությունը կրկնվելու է»,- փաստել է Սահակյանը։

Իրավաբանը հիշեցրել է, որ միջազգային իրավունքը շատ լուրջ է վերաբերվում ռասիստական քաղաքականությանը եւ որպես միջոցներից մեկն առաջարկում է  առանձնացումը կամ գոնե ինքնավարությունը, որը թույլ է տալիս պաշտպանվել։ Սահակյանի խոսքով՝ քաղաքականության փոփոխության առաջին ցուցիչը կլիներ պատիժը, գոնե նրանց, ովքեր այդպիսին են ճանաչվել օտարերկրյա կամ միջազգային դատարանների կողմից։ «Քանի դեռ Գուրգեն Մարգարյանին սպանողը (ռամիլ սաֆարով- խմբ.) կամ 44-օրյա պատերազմի գլխակերները «հերոսներ» են ադրբեջանական հասարակությունում, համակեցությունը իրատեսական չի թվում, եւ նման դեպքերը շարունակվելու են»,- նշել է Սիրանուշ Սահակյանը։