Նոյեմբերի 1-ից «Կոռնետ-ԱՄ» ընկերությունը դադարում է WiMax տեխնոլոգիայով ծառայությունների մատուցումը: Այդ մասին նշված է ընկերության պաշտոնական կայքէջում: «Ավաղ, ստիպված եմ արձանագրել, որ շարժական կապի տեխնոլոգիաների բուռն զարգացման պայմաններում (3G, 4G, LTE), ներկայումս WiMax ծառայությունները դառնում են ոչ մրցունակ: Ուստի, Ընկերության ղեկավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել WiMax ծառայությունների մատուցումը 2011թ. նոյեմբերի 1-ից»,-ընկերության պաշտոնական կայքէջում նշել է «Կոռնետ-ԱՄ» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը:

Միեւնույն ժամանակ` ընկերությունը շարունակում է մյուս ծառայությունների մատուցումը:

Նշենք, որ հոկտեմբերի սկզբին շուկայից փաստացի դուրս եկավ նաեւ WiMax լայնաշերտ ինտերնետային համակարգով աշխատող iCON Communications ընկերությունը` միաձուլվելով Ucom-ի հետ: Նշենք սակայն, որ Ucom-ն ամբողջովին չի հրաժարվել WiMax տեխնոլոգիայից: