Ադրբեջանի Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի կոմիտեն հայտարարություն է արել տարեկան հաշվետվությունների մասին, որոնք ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեն 2023թ. նոյեմբերի 29-ին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հայտարարությունում նշվել է, որ «ցավոք, եվրոպացի պատգամավորները չեն տեսնում եւ չեն ցանկանում տեսնել նոր իրողությունը, որն ստեղծել է Ադրբեջանը տարածաշրջանում, հետեւողականորեն եւ մեթոդաբար խախտում են խաղաղ բանակցությունների գործընթացը, որն առաջ է տանում Ադրբեջանը հետպատերազմյան շրջանում»։

«Բացի այդ, պատգամավորների կոչերը էներգետիկ ոլորտում համագործակցությունը դադարեցնելու մասին՝ Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագրով, լուրջ հարված են հասցնում Ադրբեջանի եւ ԵՄ փոխշահավետ համագործակցությանը։ Հաշվի առնելով վերն ասվածը՝ Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի կոմիտեի ղեկավարությունը դիմում է Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավարությանը՝ վերանայել հաշվետվությունները եւ համապատասխան գնահատական տալ տարածաշրջանում խաղաղ գործընթացին հարվածող սադրիչ դրույթներին այն փաստաթղթերում, որոնցում նկատվում է հումանիտար հարցերի օգտագործում քաղաքական եւ սադրիչ նպատակներով եւ միջամտություն Հարավային Կովկասի տարածաշրջանի ներքին գործերին»,- նշվել է հայտարարությունում։