Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիյանի գլխավորած պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային (COP28)՝ դրան Իսրայելի մասնակցության պատճառով, հայտնում է IRNA-ն։
Դրա տեղեկություններով՝ հինգշաբթի երեկոյան պատվիրակությունը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու համաժողովին և պլանավորել է այցի շրջանակներում Պաղեստինի հարցը քննարկել մասնակից երկրների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Իրանական կողմը պնդում է, որ վստահ է եղել, որ իսրայելական պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել համաժողովին, և որ իսրայելցիների մասնակցությունը համաժողովին չափազանց մեծ հեղինակության վտանգ է պարունակում նրանց համար։
Սակայն Դուբայ ժամանելուն պես, որտեղ ընթանում է COP-28-ը, իրանական պատվիրակությանը հայտնել են, որ Իսրայելի նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունը, այնուամենայնիվ, ժամանել են համաժողովին։ Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը` ի նշան բողոքի Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ։
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հրաժարվել է մասնակցել կլիմայական համաժողովին՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ներկայության պատճառով։ Նախարարների կաբինետի ղեկավարի փոխարեն Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է էներգետիկայի նախարարության ղեկավարը։





























